Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մրցակցային շոուում ո՛չ գրողը, ո՛չ գրականությունը շահած դուրս գալու շանս չունեն»

«Մրցակցային շոուում ո՛չ գրողը, ո՛չ գրականությունը շահած դուրս գալու շանս չունեն»
23.12.2016 | 11:53

Գրահրատարակչության ոլորտում սպասվող փոփոխությունները դեռևս անորոշ են: Մեկ բան հստակ է` պետական աջակցությամբ տպագրվող գրողների թիվը պակասելու է, փոխարենը ունենալու ենք լավ գրքեր ու փորձելու ենք դրանք հասցնել նաև դրսի ընթերցողին: Եվս մի փակագիծ է բացվել. խոսքը 2017-ին սպասվող նոր հեռուստատեսային նախագծի մասին է, որին, ինչպես նշել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մասնակցելու են հինգ հրատարակիչ, տասնհինգ գրող՝ իրենց ստեղծագործություններով, և երեսուն մտավորական: Հաղորդման ընթացքում հրատարակիչները պետք է ընտրեն 5 գրողի ստեղծագործություն՝ հրատարակման իրավունքով: Իրավունքը ձեռք կբերի այն հրատարակիչը, որը գրողին կառաջարկի ավելի շատ հոնորար և ավելի մեծ տպաքանակ: Հաղորդման մասնակից երեսուն մտավորականները, հաշվի առնելով հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, կորոշեն այն հինգ գրողների ստեղծագործությունները, որոնք պետք է հրատարակի պետությունը՝ իր միջոցներով:
Աննախադեպ այս նախագիծը նոր «ինչու»-ների և «ինչպես»-ների առիթ է տալիս: Ի՞նչ են մտածում նախագծի մասին գրողները: Թեմայի առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք «Մետրո» գրախանութի տնօրեն, արձակագիր ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ:

-Ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս են ընտրվելու այն 15 գրողները, որոնց գործերը պետք է հեռուստադիտողի (ընթերցողի) դատին հանձնվեն:
-Անկեղծ ասեմ, չնայած կարդացի մշակույթի նախարարության էջում դրված հայտարարությունը, բայց որևէ պատկերացում չունեմ, թե ինչպես պիտի ընտրեն, ինչ սկզբունքով: Ամեն դեպքում, մինչև հաղորդումը չգնա եթեր, դժվար է լուրջ և հիմնավոր կարծիք հայտնել, քանի որ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես նույնիսկ հիանալի մտահղացումներն իրագործվելիս բոլորովին այլ բան են դառնում, ո՜ւր մնաց հակասություններով լի մի այնպիսի ոլորտում, ինչպիսին գրականությունն է:
-Ինչո՞ւ հեռուստատեսությամբ, գուցե Ֆեյսբուքո՞ւմ արվի քվեարկությունը, որովհետև այն ավելի մեծ ու առավել ակտիվ լսարան ունի:
-Հեռուստատեսությամբ, թե սոցցանցերում, իմ կարծիքով, դա չէ էականը, այլ այն, թե, ի վերջո, իրականության մեջ ինչպիսի տեսք կունենա այդ շոուն: Բայց ինձ մտահոգում է հենց ֆորմատի շոու լինելը, քանի որ շոուն ենթադրում է ռեյտինգ, ընդ որում՝ ոչ թե գրականության ռեյտինգ, այլ հենց շոուի ռեյտինգ, որը ենթադրում է գովազդ և այլն, իսկ սա նշանակում է, որ անխուսափելիորեն ինչ-որ պահից գրականությունն ու գրողը լինելու են ընդամենը շոուն սնող գործոններ, ոչ թե հակառակը: Եթե պատկերավոր ասեմ՝ գրողները դառնալու են «Գյուտարար գորտի» հյուրերը, որն ընդամենը օգտագործում է նրանց:
-Հեռուստատեսային շոուն գրող-ընթերցող-հրատարակիչ կապն ամրացնելու տարբերակ կարելի՞ է համարել: Մյուս կողմից՝ հաճախ դժգոհում են, որ աստղերին եթերը չենք տրամադրում, գրողները չկան ու չկան, այս տեսանկյունից եթե նայենք, գուցե դրական միտում, այնուամենայնիվ, կա՞:
-Հեռուստատեսությունը, իմ համոզմամբ, դաժան շահագործող է, կերպար շահագործող, և դա նրա բնույթն է, ուստի ես ոչ թե նախապես չարախոսում եմ, այլ ընդամենը փաստում, որ հեռուստատեսությունը չի կարող դավաճանել իր բնույթին, այնպես որ, մեծ հույսեր չունեմ այդ ֆորմատի հետ կապված: Գուցե մեկ այլ ֆորմատում գրողն ու գրականությունը հնարավորություն ստանային ավելի քիչ իրենց «կորցնելու», ավելի քիչ շահագործվելու, բայց այսպիսի մրցակցային շոուում ո՛չ գրողը, ո՛չ գրականությունը շահած դուրս գալու շանս չունեն: Առայժմ այսքանը կարող եմ ասել:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Լուսանկարը`
Անահիտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ